Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Շիրակի մարզի կրթական «ծովահրեշները»

Շիրակի մարզի կրթական «ծովահրեշները»
13.04.2024 | 20:22

Շիրակի մարզի կրթական կոռուպցիայի նախահայրերը այսօր էլ, թունդ ժողովրդավարական Հայաստանում, իրենց զգում են, ինչպես ձուկը ջրում:

Եթե նախկինում ասում էին, որ կոռուպցիայի, կաշառակերության պատճառը պլանային տնտեսությունն է, ապա կոռուպցիան մեզանում ծաղկում է, փթթում է հենց ժողովրդավարության, դրա «լոզունգիստների» ղեկավարության ներքո:
Իսկ բոլոր նրանք, ովքեր Շիրակի մարզի կրթական կոռուպցիայի հիմնադիր-հայրերն են, հենց ժողովրդվարական Հայաստանում են մարսում իրենց կոռուպցիոն փայերը:
Շիրակի մարզպետարանի կրթական կոռուպցիոն շղթան հյուսվել է, ըստ փաստերի, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի օրոք և «պատվով» աշխատում է նրա սանիկի՝ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության այժմյան պետ Հրայր Կարապետյանի անդուլ ջանքերով: Քավորի հիմնած «կոռուպցիոն օջախը» հո չէ՞ր կարող մարել:
Հենց առաջին կոռուպցիան, Սահակ Մինասյանի կողմից իր սանիկ` Հրայր Կարապետյանին, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնը նվիրելն էր:
Այնուհետ, Շիրակի մարզի կրթության ոլորտում, Սահակ-ական «ավանդույթը» տարածվեց դպրոցների վրա:
Տեսնենք, թե Շիրակի մարզի և Գյումրու դպրոցների տնօրենների պաշտոններն ինչպես և ում են փոխանցվել. փոխանցիկ դրոշների նման:
Սա կոռուպցիոն շղթա չէ, սա մաֆիա է՝ ներմարզային և մարզպետական: Տեսեք, թե կրթության համակարգը խեղած ինչ ձիգ ու պինդ սխեմա է հիմնել և «ավանդ թողել» Սահակ Մինասյանը: «Свой»-ներին հնարավորություն է տվել դպրոցների տնօրենների պաշտոնը դարձնել ժառանգական գահ:
Օրինակ, Գյումրու թիվ 9 դպրոցի այժմյան տնօրեն Ջուլիա Մովսիսյանը նախկին տնօրենի եղբոր աղջիկն է:
Գյումրու թիվ 4 դպրոցի նախկին տնօրենն իր քրոջ տղային` Այվազյան Ալիկին է «փոխանցել» պաշտոնը:
Կռվով Գյումրու թիվ 25 դպրոցի տնօրեն է կարգվել Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քույրը՝ Իրինա Բաղդասարյանը:
Գյումրու թիվ 43 դպրոցի տնօրենը՝ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի տղան է` Արմեն Վարդանյանը: Նրան այժմ տեղավորել են Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:
Փաստ է, որ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի իջեցված հրամանով՝ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի այժմյան ընտրության հավակնորդ բոլոր մյուս թեկնածուների՝ մանկավարժական, աշակերտական, ծնողական խորհուրդների հետ հանդիպումները ձախողվել են հենց Արմեն Վարդանյանին Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրեն դարձնելու նպատակով:
Փաստորեն, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի հեղինակած պլանով, հավակնորդ մյուս բոլոր թեկանծուները դուրս են գցվել մրցույթից, որովհետև դպրոցի տնօրենի պաշտոնը,ըստ օդում կախված լուրերի, արդեն վաճառված է:
Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրենի պաշտոնին է բերվել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության ներկայիս պետի սանամերը՝ Արմինե Գրիգորյանը: Այդ դպրոցում տիրող հաստիքային խաղերի և դրամահավաքության մասին տեղեկությունները ստուգման առանձին խնդիր են:
Գյումրու թիվ 15 դպրոցի տնօրենը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին՝արդեն հիշատակված, պետ Սահակ Մինասյանի սանիկն է: Ասում են՝ «ծյունինգ» արված ՔՊ-ական է :
Գյումրու թիվ 45 դպրոցի տնօրեն Աստղիկ Վարդանյանի քույրը կարգվել է ՏՄԱԿ-ի տնօրեն: Ասում են՝ Սահակ Մինասյանի «սիրելի» կադրն իր քրոջը տեղավորել է ՏՄԱԿ-ի տնօրեն՝ կոռուպցիոն, հարթ ու աշխատող, համակարգի շնորհիվ:
Գյումրիում ուշագրավ պատմություն են պատմում Աստղիկ Վարդանյանի՝ Գյումրու թիվ 45 դպրոցի տնօրենի աթոռին «ճիշտ պահին» տիրանալու մասին:
Պատմում են՝ ով, որ նշանակելու էր նրան, նա էլ թելադրել է քայլերի այն հաջորդականությունը, որոնցով տիկին Վարդանյանի համար պետք է բարեխոսեր ԱԺ պատգամավորի թեկնածուն:
«Ինքդ չալե, ինքդ պարե» անմեղ, իսկ այս դեպքում՝ նենգ ու անմակարդակ գործելաոճը, տվել է սպասելի արդյունքը:
Գյումրու թիվ 28 դպրոցի տնօրեն Մարիամ Առաքելյանը, ըստ լուրերի, Շիրակի մարզպետի մտերմուհին է, հատուկ հովանավորվող է, Գյումրիում հայտնի՝ «Կարո մարքետ» խանութի տերերի քույրն է: Այս տիկինը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Սահակ Մինասյանի դռկիցն է՝ հարևանուհին: Դպրոցի տնօրենի պաշտոնին բերվել է Սահակ Մինասյանի կողմից՝ ՀՀԿ-ի, Սահակ Մինասյանի բառերով ասած, «գլոբալ հաղթանակը» թաղում ապահովելու նպատակով: Ինչպես պատմում են գյումրեցիները, թունդ ՀՀԿ-ականից այժմ առավել թունդ ու մուգ ՔՊ-ական դարձած այս տիկնոջ եղբայրները, 2018 թվականի իշխանազավթման օրերին, ճանապարհ փակող հակապետական տարրերից էին:
Գյումրու թիվ 30 դպրոցի վարչատնտեսական տնօրեն է դարձել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին աշխատակից Գուլյան Տիգրանը: Ասում են՝ կոնկրետ շահագրգռվածությամբ։
Գյումրու թիվ 41 դպրոցի ընտրված տնօրենից պաշտոնը խլել է Գյումրու թիվ 7 դպրոցի տնօրենի աղջիկը՝ ըստ լուրերի ,Շիրակի մարզպետարանի կրթության վարչության այժմյան պետ Հրայր Կարապետյանի տանիքավորմամբ: Ասում են՝ նպատակը՝ 41 դպրոցից այդ տնօրեն տիկնոջը թիվ 7 դպրոցի տնօրեն դարձնելն է՝ հորից հետո: Փորձ է հավաքում էլի:
Գյումրու թիվ 18 դպրոց է բերվել Քեթի գյուղի դպրոցի տնօրենի աղջիկը, այդպես են պատմում։ Դեռ չի նշանակվել, բայց ասում են` «свой» է, դրա համար է բերվել և պետք է նշանակվի տնօրեն:
Պատմում են, որ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության կադրերի նշանակման «դավադիր» ծրագրի համաձայն, միշտ էլ տնօրենի «իրենց» թեկնածուն սկզբում բերվում է դպրոց, ինչպես ասում են, մի քիչ իրեն ցույց տալիս, ուրիշներին է ուսումնասիրում և ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կարգվում է տնօրեն:
18 դպրոցի պարագայում, մարզպետարանից գործուղված Լիանան, 2023 թվականի հունիս ամսից, ասում են, ստարտ ու ռեստարտ է անում, բայց դեռ տնօրեն չի կարող դառնալ: Հիշեցնենք նաև, որ Գյումրու թիվ 18 դպրոցի նախկին տնօրեն Լարիսա Հակոբյանի երկու որդիրների քավորը նույնպես Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Սահակ Մինասյանն է:
Գյումրու թիվ 27 դպրոց՝ գյուղից քաղաք է բերվել, Կապս գյուղի դպրոցի տնօրենի հարսը, որ հետագայում, ըստ լուրերի, կարգվի այդ դպրոցի տնօրեն։ ՀՀ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Սարուխանյան Կարենի մորաքրոջ հարսն է: Իսկ Կապս գյուղի դպրոցի տնօրենը Սարուխանյանի մորաքույրն է:
Գյումրու 27 դպրոցի ներկայիս տնօրենը, ասում են` Շիրակի մարզպետի մտերիմ ընկերն է՝ երկուսն էլ անհաջող դաշնակցական են եղել, հիմա, սրտի լայն բացվածքով՝ նիկոլական: Համաձայն օդում կախված լուրերի, այս դպրոցի ապագա տնօրենի պաշտոնի համար ևս մեկ անձի վրա է «ստավկա» դրված:
Ըստ տեղեկությունների, Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն «ապօրինի» է աշխատում. նա քրեական գործով մեղադրյալ է ճանաչված և «ոչ արդարացման հիմքով» ոչ լեգիտիմ տնօրեն է: Լուրը ճշտելու համար, 2023 թվականից, մի քանի հարցումներ եմ ուղղել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ԿԳՄՍ նախարարին, ցայսօր պատասխան չեմ ստացել:
Գյումրու թիվ 21դպրոցի, այժմ ողջ ընտանիքով նիկոլական դարձած տնօրենն իր հարսին է պատրաստում այդ նույն դպրոցի տնօրեն կարգել: Այս տնօրենի հարսը, ըստ տեղեկությունների, աշխատանքային նույն ժամերին սոցաշխատող է աշխատում ինչպես սկեսուր մամայի, այնպես էլ՝ Գյումրու մանկատաներից մեկում: Այս դպրոցում է իր աղջկան տեղավորել նաև Շիրակի մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը: ՈՒշադրություն՝ հաշվետարի նպատակային իջեցված հաստիքով:
Գյումրու թիվ 23 դպրոցի տնօրեն դարձած Անի Գևորգյանը նշանակվել է իր ամուսնու փոխարեն տարածված խոսակցությունների, նա դպրոցի տնօրենի մրցույթում չի էլ հաղթել՝ նշանակվել է մարզպետի «լեն սրտի ու պանծալի գլխի» ցանկությամբ: Իսկ դպրոցի այդ տնօրինուհու ամուսինը՝ նախկին թունդ ՀՀԿ-ականը, ամիսներ առաջ, նշանակվել է Շիրակի ռենեգատ մարզպետի օգնական: Ի դեպ, պատմում են, որ Գյումրու թիվ 23 դպրոցի տնօրենի մայրն ակտիվ բազմակուսակցական է եղել՝ է՛լ ՀՀԿ-ական, է՛լ ԲՀԿ-ական, հիմա էլ՝ ՔՊ-ական կանանց խորհրդի կազմում է:
Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի կուրսեցու քույրն է:
Պատկա՞ն, թե՞ պարապ մարմիններ:
Մեկ շնչով կարդացվող մաֆիայի՝ «հոտած ձկան» այս վկայությունները, շնչահեղձ են անում բանական մարդուն: Շիրակի մարզում առկա կոռուպցիոն շղթայի ոչ լրիվ թվարկումը փաստում է՝ տարիներ շարունակ մարզի կրթության ոլորտում ստեղծվել են հրեշներ, որոնք «հզոր» են համարվել իրենց անպատժելիության, կրթությունը քափն հավաքելու միջոց, հնարավորություն սարքելու շնորհիվ:
Ժողովրդին էլ միշտ տրվում է «կոռուպցիայի դեմ պայքար» անունով խաղալիքն ու պարտադրվում՝ զվարճանալ, տեսածն անտես անել, լսածը խլացնել, իսկ անձնական ներդրումը կոռուպցիոն համակարգում արդարացնել՝ «հա՛, ի՞նչ, հըմի բոլորը ըդպես կենեն» «արդարամիտ» բանաձևով:
Սարսափելին այն է, որ Շիրակի բոլոր մարզպետներն աներկբա փայակից են ներռեգիոնալ մաֆիային: Եթե այդպես չլիներ, ապա կոռուպցիոն դրոշի փոխանցումը քավորից սանիկ կպատժվեր և դպրոցի տնօրեն դառնալը՝ «через» Սահակ ու Հրայր, չէր մնա կայուն բիզսնես:
Իսկ եթե պարզենք, թե Գյումրու դպրոցների զգալի մասում տնօրեններն ինչ ներդպրոցական կլաններ, նեպոտիզմի՝ խնամի-բարեկամ-սանիկ, ընկերուհի, դասընկերուհի-ուսանողական ընկերուհի, ամուսին, աղջիկ, մորաքրոջ աղջիկ, տեգր սարդոստայն են ստեղծել՝ դրույքա-հաստիքային ջեբկիրությամբ, ապա պարզ կդառնա, որ Շիրակի մարզը և Գյումրին իր երկաթ-բետոնյա տեղ ունեն Հայաստանի կոռուպցիայի դափնեկիրների շարքում:
Նիկո՛լ, դու պարտվել ես ինքդ քեզ:
ՀՀ վարչապետ, քո դատախազը Շիրակի մարզում, ոստիկանության քո պետը, քննչական քո պետը, փաստորեն, ներքին դիվերսանտներ են: Երկրի ներսում 5-րդ շարասյունը գտնված է, քո որոնումները կարող ես ավարտել:
Քո նշանակած բոլոր մարզպետները ո՛չ միայն ո՛չ պրոֆեսիոնալ են, այլև` կոռումպացված, «մառոչնի» դավաճան:
Նեպոտիզմի՝ վերևում թվարկված, վկայությունները փաստում են՝ Շիրակի մարզը և Գյումրին դարձել են գաստրոլյոր դատախազի, դպրոցի հանցագործ տնօրենի հետ կոռուպցիոն քիրվա «միլիծու», կոռուպցիոն փայերից փքված քննիչների մինի բաստիոնը:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.
Ներկայացված կադրային նշանակումների «սթորին» թող ստուգեն նրանք, ովքեր դա պետք է անեն ի պաշտոնե:
Ստուգե՛ք, ճշտե՛ք, ուսումնասիրե՛ք և ինձ էլ տեղեկացրեք:
Իսկ ավելի գործնական լինելու համար, առաջարկում եմ՝ միասին ստուգել:

Դիտվել է՝ 7212

Մեկնաբանություններ